ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ առաջիկայոմ պաշտոնանկություններ չեն լինի: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ չի կարծում նաև, թե վարչապետի փոփոխություն կլինի. «Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից վարչապետի պաշտոնանկություն են պահանջում՝ հետո լռում: Չեմ կարծում, որ վարչապետի փոփոխություն կլինի»:
Գ. Սահակյանը, խոսելով Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցի մասին, նշեց, որ իրենք մինչ քննարկումները ծանոթացել են ամբողջ հաշվետվության հետ, և ՎՊ-ն ռիսկային շատ խնդիրներ է մատնանշում. «Կառավարությունն էլ, բնականաբար, իր տեսակետը ներկայացրեց: Խորհրդարանը քննարկման վայր է, և այդ քննարկումները, անշուշտ, անհրաժեշտ են: Բոլորն իրենց կարծիքները կարող են հայտնել՝ երբեմն անկեղծ, երբեմն՝ ոչ անկեղծ: Մենք միշտ հակված ենք մտածել, որ պետք է լինեն վերահսկող մարմիններ, ամեն ինչ կարողանան մինչև վերջ վերահսկել, և ասեմ՝ յուրաքանչյուր կարծիք ոչ թե կուլիսների հետևից պետք է լինի, այլ բաց ներկայացվի հասարակությանը»:
Նրա խոսքով՝ Հանրապետականի կադրային բազան շատ հարուստ է, բայց եթե փոփոխություն է արվում, ապա պետք է փոփոխության առիթ լինի: Նրա գնահատմամբ՝ նման առիթ չկա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































