Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական է գնահատում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի գործընթացը, բայց, այնուամենայնիվ, այն համարում է ուշացած:
«Վերջին տարիներին միջազգային տարբեր կազմակերպություններ բացահայտեցին, որ խնդիրների իմաստով կառավարման որակը և կոռուպցիան գրեթե նույն բլոկում են. վատ կառավարումը առաջացնում է կոռուպցիա, կոռուպցիան խթանում է վատ կառավարումը»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Գործատուների միության նախագահը հիմնավորված է համարում նախարարություններում փոխնախարարների կրճատումները՝ հատկապես, որ կան փոխնախարարներ, որոնց ենթակայության տակ է գտնվում 1-2 վարչություն: «Նախարարը թող միանգամից աշխատի վարչության պետի հետ»,- հայտնում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ կերպ կկրճատվեն և՛ բազմաթիվ ծախսեր, և՛ նախարարը կստանա ավելի ճշգրիտ տեղեկատվություն:
Գագիկ Մակարյանը համարում է, որ այդ կերպ նախարարություններում աշխատատեղերի կրճատման ցավոտ հարցը պետք է մեկ անգամ և մեկընդմիշտ լուծել, որովհետև «ամենացավոտը տնտեսության խնդիրն է. եթե մենք ցանկանում ենք զարգացնել տնտեսությունը, պետք է զոհաբերենք ամեն ինչ»:
Մեր զրուցակիցը ուռճացված է համարում նաև մարզպետարանների աշխատակազմը. «Մարզպետներն իրենց մինի թագավորներ են զգում, իսկ մարզպետարանները դարձել են վարչարարական օղակներ՝ հատկապես վերահսկելու, պատժելու և նաև կուսակցական որոշակի շահերի հիման վրա տեղերում կառավարելի դարձնելու ընտրական գործընթացները»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս կրճատումները երկու բանի վկայություն են. «Կա՛մ իշխող քաղաքական կուսակցությունը իր ընտրական տեխնոլոգիաները ավելի է բարելավել և վստահաբար գտնում է, որ արդեն դրանց կարիքը չունի, կա՛մ մենք իսկապես գնում ենք լավացման. ժամանակը ցույց կտա»:
ՀՀ Գործատուների միության նախագահը անչափ չնչին քայլ է համարում նաև ծառայողական ավտոմեքենաների կրճատումը, քանի որ դրանով տնտեսվում է ընդամենը 5 մլն դոլար, մինչդեռ ՀՆԱ-ում մենք ունենք 5 մլրդ դոլարի ստվեր:
Մեր զրուցակցի կարծիքով՝ հակամենաշնորհային պայքարի մասին հայտարարելիս կառավարությունն ինքն էլ ամբողջովին չէր հաշվարկել իր հնարավորությունները և եղած վիճակի բարդությունը. «Կարծում եմ՝ նրանք այժմ ավելի ռացիոնալ կերպով են դիտարկում, թե ինչ է տեղի ունենում, և ինչ խնդիրներ ունեն, որ պիտի կարողանան հաղթահարել: Դրա համար էլ արդեն փորձում են մանևրել: Սակայն իրենց դիրքերը պահպանելու համար նրանք ստիպված են պայքարել կոռուպցիայի դեմ»:








































