«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:
– Պարոն Թամրազյան, «Ազատություն» ռ/կ-ը հեռարձակվում է այն երկրներում, որտեղ ժողովրդավարություն չկա և դադարեցնում է իր հեռարձակումն այնտեղ, որտեղ այն հաստատվում է: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ե՞րբ կհաստատվի ժողովրդավարություն, որպեսզի այստեղ ռադիոկայանն իր միսիան ավարտած համարի. մինչև հաջորդ ընտրությունները հնարավոր համարո՞ւմ եք:
– Ես չեմ կարծում, որ այդքան շուտ կհաստատվի ժողովրդավարությունը,միևնույն ժամանակ ասեմ, որ որևէ մեկը չի կարող նման կանխատեսում անել՝ ամեն ինչ հնարավոր է: Առայժմ որևէ լուրջ, շոշափելի նախադրյալ չեմ տեսնում, որ Հայաստանը կարող է դառնալ լիակատար ժողովրդավար երկիր: Նշեմ նաև, որ կան երկրներ, որտեղ ժողովրդավարություն կիսատ-պռատ արդեն կա, և այնտեղ դեռ «Ազատությունը» շարունակում է հեռարձակվել։ Այնպես որ, մենք նայում ենք՝ իսկապե՞ս երկիրը մաքուր ժողովրդավար է, թե ոչ: Ես խնդիր չեմ տեսնում, եթե ժողովրդավարություն լինի Հայաստանում, ես մեծ հաճույքով կհեռանամ:
– Փաստորեն, Հայաստանում ժողովրդավարության հաստատման նախադրյալներ առայժմ չեք տեսնում:
– Գիտեք, անելիքներ դեռ շատ կան ժողովրդավարության հաստատման ճանապարհին, մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի բարելավման, ընտրացուցակների խնդիրներ, բազմաթիվ այլ հարցեր, որոնք կապված են ընտրական գործընթացների կազմակերպան հետ՝ թե ընտրական հանձնաժողովները ինչպես են վերահսկում քվերակության ընթացքը, ոստիկանների ներկայությունը, կողմնակի անձանց ներկայությունն ընտրատեղամասերում, քվեատուփերի մոտ և այլն: Մենք տեսանք ինչպիսի խախտումներ արձանագրվեցին հենց վերջին՝ ավագանու ընտրություններում։ Այնպես որ, կան, շատ անելիքներ կան, ես կարծում եմ՝ դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
– Դուք վերսկսել եք բացառիկ հարցազրույցների շարքը. տպավորությունն այնպիսին է, որ հարցերի շեշտը դրված է 2018 թվականի նախագահական ընտրությունների վրա, այդպե՞ս է:
– Դա ամենահետաքրքիր հարցերից մեկն է, ամեն հայ ուզում է իմանալ` ով է լինելու կամ ով կարող է լինել նախագահի հավակնորդ 2018 թվականին: Հիմա նույնիսկ իշխանական ճամբարում են մտածում, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հետևորդը կամ ով է լինելու իշխանության թեկնածուն 2018 թվականին: Նման հետքրքրություն, անշուշտ, կա նաև ընդդիմադիր ճամբարում. գիտեք Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական արշավը սկսեց մարզերում, շարունակեց ընդհուպ մինչև երդմնակալության օրը, հիմա էլ նորից պետք է վերսկսի մարզերի իր քաղաքական արշավը. նա շատ ակտիվ մտել է ընտրական գործընթացների մեջ՝ թեև, ասենք, նախընտրական շրջանը հեռու է:
Մենք տեսնում ենք, որ ակտիվ մասնակցություն արդեն կա. Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կմասնակցի։ Երբ վարչապետին հարցրեցի, ասաց միանշանակ, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, այսինքն չի առաջադրվելու։ Բայց գիտե՞ք ինչ՝ ամեն ինչ էլ հնարավոր է: Դա հարցերից մեկն է, բայց ոչ հիմնականը, բազմաթիվ այլ հարցեր կան: Հենց թեկուզ այս օրերին խորհրդարանում ծավալված քննարկումները պետական բյուջեի ահռելի չարաշահումների մասին, այդ օֆշորային սկանդալը՝ խորհրդարանի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կողմերում շատ սուր քննադատությունների տեղիք տվեց, փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, երբեմն չենք տարբերում, թե ով է ընդդիմություն, ով իշխանություն: Բոլորը քննադատում են, որ կոռուպցիա կա պետական գնումների բնագավառում, օրինակներ են բերում, խորհրդարանի խոսնակն անվանում է բյուջեի թալան, հետո նահանջում իր խոսքերից… ուզում եմ ասել՝ հիմա ամեն ինչ բարդ վիճակում է: Ամենասուր խնդիրներից է նաև կոռուպցիան, որը մարդիկ հիմա սուր քննադատում են:
– Կոռուպցիայի վերացման նախանշան տեսնո՞ւմ եք:
– Կոռուպցիան մեր պետականության ամենասուր խնդիրներից մեկն է, և լուրջ նախանշան չկա, որ այն կվերանա: Հիմա դա շատ լուրջ խնդիր է՝ նույնիսկ վարչապետի հետ զրույցում պարզեցինք, որ ամերիկացիները պատրաստվում են նորից վերսկսել այդ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը. Հայաստանը կարող է միլիոնավոր դոլարների օգնություն ստանալ եթե կոռուպցիայի դեմ լուրջ պայքար տանի. հենց սա սկիզբն է՝ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք պատրաստվում են պայքարել կոռուպցիայի դեմ, մի խոսքով՝ հարցեր շատ կան բայց նախագահական ընտրություններն ամենահետաքրքիր հարցերից մեկն է:
– Իսկ առաջիկա հաղորդումների ընթացքում Ձեր հյուրերի շարքում կարո՞ղ ենք 2018-ի նախագահական ընտրությունների այլ հավանական թեկնածուների տեսնել:
– Այո՛, իհարկե՝ կարող եք տեսնել (ծիծաղում է):








































