Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական տանող ճյուղն է։ Միայն վերջին 5 տարում Հայաստանից հանքարդյունաբերության արտահանումների ծավալը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։ 2014-ին արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը գերազանցել է 7000-ը։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առավելություններն ու թերություններն ուսումնասիրել է Համաշխարհային բանկը։ Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին ներկայացնում է արված աշխատանքը։ Հայաստանում հանքարդյունաբերությունը սոցիալական խնդիրը լուծում է բնապահպանական խնդիրներ ստեղծելու հաշվին։
Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի խոսքերով՝ կան հնուց մնացած, լքված մի քանի հանքավայրեր, որոնք պատշաճ կերպով չեն կոնսերվացվել, աղտոտելով միջավայրը՝ դարձել են բնապահպանական խնդիրների առաջացման աղբյուր։ Կան նաև մի շարք պոչամբարներ, որոնք միջազգային չափորոշիչներին համապատասխան չեն։ Մենք մշակում ենք ռազմավարական քայլեր, որպեսզի այդ սխալները շտկվեն։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 2 խոշոր խաղացող կա։ Լորա Բեյլը թվարկում է ոլորտի մարտահրավերները։
Մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոլորտը խիստ տատանողական է դարձնում։ Միայն մի քանի փոքր ընկերություններ կան, որոնց հաջողվում է ոլորտում շահույթով աշխատել։ Մենք փորձում ենք օգնել, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում դառնա կայուն տնտեսական աճին նպաստող ոլորտներից մեկը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարում է՝ հանքարդյունաբերության նոր ռազմավարություն են մշակում ոլորտն ավելի շահութաբեր դարձնելու և արդյունավետ կառավարելու համար։
Պղնձի գները միջազգային բորսայում նվազել են։ Խնդիրն անհանգստացնող է։ Հայաստանում պղնձի վերամշակում կազմակերպելը, Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ թանկ հաճույք է։
Հանքարդյունաբերության պատճառով առաջացող իրական վնասը ներկայացնում է «Էկոլուր» դաշինքի ղեկավար Ինգա Զարաֆյանը։ Բնապահպանական աղետից բացի՝ առողջապահական խնդիրներ են առաջացել, թիրախում՝ հատկապես Սյունիքի մարզն է։
Մասնագետի խոսքերով՝ խնդիրներն ավելի քիչ կլինեն, եթե հանքարդյունաբերող կազմակերպությունները գործեն բնապահպանական չափանիշները պահպանելով և ոչ թե խախտելով։







































