Նյու Յորքի փողոցներից մեկը ժամանակավորապես վերանվանվել է՝ ի պատիվ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ժամանակավորապես վերանվանվել է 33-րդ Ուեսթ սթրիթը, որը գտնվում է «Մեդիսոն Սքվեր Գարդեն» արենայի մոտ, որտեղ Ալին 8 մարտ է անցկացրել:
«Նա արժանի է, որ նրա պատվին փողոց անվանեն: Բռնցքամարտիկով հիանում են ամբողջ աշխարհում, քանի որ նա հարգում էր իր սկզբունքները, իր հավատը»,- ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Փողոցը մշտական հիմունքով վերանվանել հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա հաստատի քաղաքային խորհուրդը, և քաղաքապետը համապատասխան հրահանգ ստորագրի:
Ալին մահացել է ուրբաթ օրը՝ 74 տարեկանում, Ֆինիքս քաղաքի մոտ գտնվող հիվանդանոցում (Արիզոնա նահանգ), որտեղ նա հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ՝ թոքերի հետ ունեցած խնդրի պատճառով: Ալին 32 տարի շարունակ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Ալիի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10-ին՝ իր հարազատ Լուիսվիլ քաղաքում (Կենտուկի նահանգ):











































