ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման առաջիկա բանակցությունները կարող են հանգեցնել հաշտության Աֆղանստանում, կարծում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա, սակայն, նշել է, որ թալիբների հետ հարաբերությունների կարգավորում կարող է նաև տեղի չունենալ, և դեռ պետք է իմանալ՝ արդյոք թալիբները պատրա՞ստ են իրենց նպաստը բերել Աֆղանստանում խաղաղ կարգավորման գործընթացին։
«Դա կախված է նրանից՝ արդյոք մենք կկարողանա՞նք բանակցություններին վերադառնալ: Չգիտեմ՝ հնարավոր է դա, թե ոչ: Եթե կարճ ժամանակի ընթացքում թալիբների մոտ այս ուղղությամբ շարժում չնկատվի, ապա բացառված չէ, որ մենք ստիպված կլինենք քննարկել նրանց գրասենյակի փակման հարցը»,- ասել է Քերին:
France Press գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ հանձնակատար Ջեյմս Դոբինսը «Թալիբան» շարժման հետ բանակցությունների համար ժամանել է Կատար, որտեղ այս շաբաթ թալիբները բացել են իրենց քաղաքական բյուրոն: Պետքարտուղարության ներկայացուցիչները չեն հայտնել՝ երբ Դոբինսը կսկսի բանակցությունները, սակայն նշել են, որ Դոհայում գտնվող պետքարտուղար Ջոն Քերին չի մասնակցի դրանց:








































