Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը գնահատական է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը.
«Այդ ձգձգվող հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելն առնչվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական անխոս առաջնահերթությունների թվում: Մենք ամենևին էլ անտարբեր չենք, թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանում:
Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը: «Եռյակի» համաձայնեցված շրջանակներին զուգահեռ ձեռնարկվում են ռուսական ինքնուրույն ջանքեր` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատուկ մոտ հարաբերությունները:
Ինչպես գիտեք, հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել ապրիլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Մոսկվա հրավիրելով Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերին:
Սակայն մեր միջնորդության հիմնական թեման հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնելն է: Դրան են նվիրվել ավելի քան երկու տասնյակ եռակողմ հանդիպումներ` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, որոնց միջև դադարներում աշխատել ու շարունակում են աշխատել նախարարները:
Կան էական առաջարկներ, որոնք աջակցություն են ստացել համանախագահող մյուս երկրների կողմից: Հուսով եմ, որ մեր միջնորդական ջանքերը կշարունակվեն մոտ ժամանակներս»:









































