ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է պատվիրակների անհրաժշտ թվով ձայներ՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։
AP-ի տվյալներով՝ դեմոկրատ Քլինթոնը ներկա պահին ունի 2383 պատվիրակի աջակցություն, հենց այդքան էլ անհրաժեշտ է Դեմոկրատական կուսակցության համագումարում հաջողությամբ առաջադրվելու համար։ Համազգային դեմոկրատական համագումարը տեղի կունենա Ֆիլադելֆիայում՝ հուլիսի 25-28-ը։
Այսպիսով՝ դեմոկրատական փրայմերիզների ռաունդը, որը տեղի կունենա երեքշաբթի, կդառնա Քլինթոնի համար զուտ ձևականություն։
Այսօր դեմոկրատների մոտ նախնական ընտրություններ կկայանան Կալիֆոռնիայում, Մոնտանայում, Նյու Ջերսիում, Նյու Մեքսիկոյում և Հարավային Դակոտայում։ 781 ձայնի համար արդեն ձևական պայքարում Քլինթոնի մրցակիցն է մնում Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը։











































