Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է իսպանացի նշանավոր գրող Գոնսալես Գուարչին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի:
Ողջունելով իսպանացի մտավորականի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն իր բարեմաղթանքն ու օրհնությունն է բերել նրան և հանդիպմանը ներկա ընտանիքի անդամներին:
Տիար Գոնսալես Գուարչան իր հերթին շնորհակալությունն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ» և «Հայոց ծառը» ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել Գոնսալես Գուարչի ստեղծագործություններին` նշելով, որ գրողի ազնիվ զգացումներն արտահայտող ստեղծագործությունները մարդասիրական այն փաղանգի շարունակությունն են, որոնք իրենց ձայնն են բարձրացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Գոնսալես Գուարչին հայ ժողովրդին և առհասարակ համայն մարդկությանը բերած ծառայությունների համար` մասնավորապես շեշտելով, որ իսպանացի գրողի պես անձանց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր ժողովուրդների ու պետությունների կողմից:









































