Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Փիլոյանի գործի դատավարությունը:
Հնարավոր է, որ 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ծնված Կարեն Փիլոյանը եղբոր հետ կապված կռվի մեջ չընկներ, եթե 2012 թվականի նոյեմբերի 12-ին Վանաձորի «Վանա նավակ» կոչվող ռեստորանում միաժամանակ ծննդյան օրվա խնջույք ու սգո հացկերույթ կազմակերպված չլինեին:
Տարբեր տրամադրություններ պահանջող հացկերույթները մեկ հարկի տակ լավ չեն համատեղվել, և, ըստ մեղադրանքի, ընկերների հետ ծննդյան տարեդարձ նշող Զավեն Փիլոյանը՝ Կարենի ավագ եղբայրը, վիճաբանության ու կռվի մեջ է մտել սգո հացկերույթի որոշ մասնակիցների հետ:
Կռիվը շարունակել են հյուրընկալ ռեստորանի մոտակայքում՝ մոռանալով և՛ սգո, և՛ ծնունդի մասին:
Կռվի լուրն անհապաղ հասցվել է Կարենին:
Առանց վայրկյան կորցնելու՝ նա հասել է կռվողներին, միջամտել, ապա ծեծկռտուքի մեջ մտել եղբոր հակառակորդների խմբի ներկայացուցիչ Սամվել Խաչատրյանի հետ:
Կռվի ընթացքում Կարենն իր մոտ եղած դանակով հարվածել է Սամվելի որովայնին ու պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կարեն Փիլոյանը գրավով ազատվել է կալանքից: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:









































