RedHack ցանցահենային թուրքական խմբավորումը հաղորդել է, որ կստանձնի Twitter միկրոբլոգում հրապարակված՝ ցույցերի յուրաքանչյուր կոչի պատասխանատվությունը: Ցանցահենները պնդում են, որ նման միջոցը կարող է անհրաժեշտ լինել Թուրքիայում օգտատերերին պաշտպանելու համար, հաղորդում է ITAR-TASS-ը:
Թուրք օգտատերերին պաշտպանություն կարող է պետք գալ իշխանությունների վճռական մտադրությունների կապակցությամբ: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը մտադիր է հետաքննել Twitter-ում ծայրահեղական կոչերի հրապարակման դեպքերը և դատական գործ հարուցել օգտատերերի դեմ:
«Բոլոր թվիթները մենք ենք ուղարկել, մենք կոտրել ենք հարյուր հազարավոր մարդկանց համակարգիչները: Բոլոր օգտահաշիվները, որոնցից ուղարկվել են դիմադրության մասին հաղորդագրություններ, մենք ենք կոտրել»,- հայտարարել է RedHack-ը:
Ցանցահեններն առաջարկել են օգտատերերին հաղորդագրությանը կցել հեշտեգ, որը թարգմանվում է որպես «Մեզ կոտրել է RedHack-ը»:
RedHack–ի անդամները, որոնք, իրենց խոսքերով, հակված են «մարքս-լենինյան գաղափարախոսությանը», Թուրքիայում համարվում են ամենավտանգավոր և անորսալի կիբեռհանցագործները: Խմբավորումը գործում է 1997-ից: Այս ընթացքում ոստիկանությանը հաջողվել է բռնել նրա միայն մի քանի անդամի:











































