Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը, դրանում Գերմանիայի դերակատարությունը ճանաչող բանաձևը տեղ է գտել թուրքական 25 թերթերի առաջին էջերին։
Որոշ թերթեր Գերմանիայի խորհրդարանի որոշումը դատապարտել են, որոշներն էլ՝ ատելության թիրախ դարձրել։
«Հուրրիյեթ»-ի առաջին էջին «Ամո՛թ ձեզ» վերնագիրն է. նյութում նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քվեարկությանը չի մասնակցել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն առաջին պլան են մղվում։
«1915-ի միայնությունը» վերտառության ներքո «Ջումհուրրիյեթ»-ը գրում է, որ «Խորհրդարանն Էրդողանի առաջ գլուխ չխոնարհեց»։
«Միլլիյեթ»-ի վերնագրում բանաձևն «ամոթալի» է որակվում։ Ներկայացվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը։
«Թուրքիան սա չի մոռանա» վերնագիրը «Յենի Շաֆաք» պարբերականի առաջին էջին է։ Նյութում նշվում է, որ «դեմ» քվեարկող միակ պատգամավորը Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բերթինա Կուդլան է, որը նաև պատկերված է «Վաթան» թերթի առաջին էջին՝ «Միայն Բեթինան» վերնագրով:
«Սթար» թերթի առաջին էջն ամենաքննարկվողն է. այստեղ Անգելա Մերկելը պատկերված է Ադոլֆ Հիտլերին բնորոշ բեղով։
«Թարաֆ» թերթն էլ օգտագործել է «Գերմանիայի հետ ցեղասպանության ճգնաժամը» վերնագիրը։
«Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր այսօրվա խմբագրականը The New York Times օրաթերթը :
«Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց»,- գրում է The New York Times-ը:
«Արդյո՞ք Բունդեսթագում կայացած քվեարկությամբ Թուրքիան կորցրեց իր միակ եվրոպացի բարեկամին»,- այս հարցի պատասխանն է փորձում գտնել Foreign Policy հանդեսը՝ մեջբերելով Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական հետազոտությունների բաժնի հիմնադիր Բյուլենթ Ալիրիզայի խոսքը․ «Մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավական ծանր կացության մեջ է, Գերմանիան իրականում միակ պետությունն է մնացել, որ կարող էր ըմբռնումով մոտենալ Անկարայի խնդիրներին»:
«Գերմանիայի հետ կոնֆլիկտը կարող է շատ թանկ արժենալ դիվանագիտական մեկուսացման և տնտեսական անկայունության պայմաններում գտնվող Թուրքիայի համար», այս կարծիքն է հայտնել Սենթ Լոուրենսի համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ Հովարդ Այզենշտադը The Los Angeles Times-ի հետ զրույցում:
Թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքն էլ Financial Times-ի հետ զրույցում նշել է․ «Թուրքիան ոչ թե ցանկանում է ավելի եվրոպական դառնալ, այլ հակառակը»:












































