Վրաստանում հեշտացնում են քաղաքացիության տրամադրումը մսխեթցի թուրքերին, որոնք «ունեն հայրենադարձի կարգավիճակ»: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի փախստականների հարցերով նախարար Դավիդ Դարախվելիձեն:
«Մուսուլման մսխեթցիների համար, որոնք ունեն հայրենադարձի կարգավիճակ, կհեշտանա քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, ինչն ավելի կլավացնի ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կատարումը: Նրանք, ովքեր ունեն նման կարգավիճակ, կարող են գալ հյուպատոսություն, որտեղ արդեն կան պատրաստի տվյալեր և որտեղ նրանց կօգնեն լրացնել փաստաթղթերը»,- նշել է նա:
Նախարարի խոսքերով` ընդհանուր առմամբ հայց է ներկայացրել 8900 մսխեթցի թուրք, որոնցից 1053-ն ունեն հայրենադարձի կարգավիճակ, սակայն նրանցից ոչ մեկը քաղաքացիություն չի ստացել, քանի որ չեն կարողացել առանց սխալի լրացնել փաստաթղթերը:
«Այժմ նրանց այդ հարցում կօգնեն հյուպատսության աշխատակիցները»,- ասել է նախարարը:











































