Սիրիայի բանակը «կկատարի իր պարտքը և կհետապնդի ահաբեկիչներին այնքան ժամանակ, քանի դեռ երկրի բոլոր շրջաններում չեն հաստատվել անվտանգություն և կայունություն»: Այս մասին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրուցում հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին:
Նրա խոսքերով՝ սիրիական զորքը կարող է լուծել այս խնդիրը, սակայն իրավիճակի զարգացումից է կախված, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար:
Նախարարի կարծիքով՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման մասին հնարավոր է խոսել միայն այն ժամանակ, երբ կդադարեցվի ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը: Ալ-Զոուբին նշել է, որ հունիսի 22-ին Դոհայում նախատեսվող «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, որը նվիրված է լինելու զինված խմբավորումներին զինելուն, «ջնջում է այն դրական բաները, որոնք պարունակվում են «Ութնյակի» գագաթնաժողովի կոմյունիկեում»:
Անդրադառնալով Կահիրեի հետ հարաբերություններին՝ Ալ-Զոուբին նշել է, որ Սիրիան տարաձայնություններ չունի Եգիպտոսի, դրա բանակի և ժողովրդի հետ, և խնդիրը ոչ թե նախագահ Մուհամմադ Մուրսին է, այլ «Մուսուլման եղբայրները», որոնք «ծարավ են պատմական ռևանշի»: Նախարարը կարծում է, որ «Մուսուլման եղբայրների» վարքը ծառայում է ամերիկա-իսրայելական քաղաքականության շահերին Մերձավոր Արևելքում:






































