ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «միամտորեն» է ընդունում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ գրում է The Washington Post-ը: Թերթը հիշեցնում է, որ եվրոպական շրջագայության ժամանակ Օբաման Պուտինին ներկայացրել է որպես ղեկավար, որի հետ կարելի է կառուցել «կառուցողական հարաբերություններ, որոնք կփոխեն «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպը»:
Թերթը կարծում է, որ Օբամայի նման տեսակետը ռուս նախագահի հանդեպ «սահմանափակ» է, քանի որ ԱՄՆ պետության ղեկավարը միտումնավոր անտեսում է Պուտինի վարքը: Իր վերջին հարցազրույցներից ոչ մեկում Օբաման չհիշատակեց Ռուսաստանում ներքին քաղաքականության կամ մարդու իրավունքների մասին՝ նշում է թերթը:
Դրա հետ մեկտեղ Պուտինը սկսել է ամենաուժեղ քաղաքական ճնշումները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ կարծում են հոդվածագիրները: Ոչ միայն ընդդիմադիր առաջնորդները, այլ նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են կանգնում դատարանի առջև կամ ստիպված են լինում լքել երկիրը: Բացի այդ, թերթը հիշեցնում է ոչ առևտրային կազմակերպությունների հանդեպ ընդունված նոր օրենքները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, ապա Պուտինն այն հիմնում է «հակաամերիկանության» վրա՝ գրում է պարբերականը և հավելում, որ Ռուսաստանի նախագահը հազիվ թե փոխի իր դիրքորոշումը միջուկային պոտենցիալի կրճատման հարցում, որի համար այդքան ակտիվորեն պայքարում է Օբաման:
Ռուս առաջնորդի հետ անհրաժեշտ է հարաբերություններ պահել, սակայն Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված լռությունը՝ գործարքներ կնքելու նպատակով, ռեալ չէ, ոչ էլ պրագմատիկ, իսկ Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի գործողությունները «համառ լավատեսություն» են՝ եզրափակում է թերթը:








































