Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշմամբ այսօր ընդունեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազի սակագինը նվազեցնելու մասին առաջարկը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողները նոր սակագնով 1 խորանարդ մետրի համար կվճարեն 146 դրամ 70 լումա՝ նախկին 156 դրամի փոխարեն։ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառելու դեպքում սահմանված սակագինը 257.56 դոլար է, նախկին՝ 276.98 դոլարի փոխարեն։ Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:
Գազային նոր համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին դեռ ապրիլ ամսից սկսել է էժան գազ մատակարարել։ Սպառողների համար սակագնի ուշացած իջեցումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը կապում է սերունդների մասին մտածելու հետ։ Հենց սերունդների մասին մտածելով էլ՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին այսպես ասած խնայած փողով խողովակ են նորոգել։
Տնտեսագիտական բոլոր հաշվարկները նույն թիվն են ցույց տալիս։ Հայաստանում գազ սպառողներն կշարունակեն առնվազն կրկնակի թանկ վճարել։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքի թափանցիկությունը չի ապահովում։ Սակագինն ընդամենը 9.3 դրամով իջեցնելու հիմնավորումը թաքցվում է։
Գազի սակագնի իջեցված 20 ցենտին համարժեք դրամը 10.000 խորհանարդ մետրից ավելի գազ սպառող տնտեսվարողների առօրյա կյանքում գրեթե ոչինչ չի փոխելու։ Նրանց բեռն ավելի ծանր է։
Թանկ գազի գնի բեռը սեփական մաշկի վրա զգացել են հատկապես ջերմոցատերերը։ Գազի սակագնի նվազեցումից առաջացած զգացողությունները պատմում է Ջերմատների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։
Գազի գինը նվազեցնելուն ուղղված պետության սույն նախաձեռնությունը Ջերմատների ասոցիացայի ղեկավարն անլուրջ է համարում։ «9.3 դրամի խնայողությամբ ջերմոցատերերին գազի թանկությունից չես փրկի»,- ասում է նա։










































