Լիոնի արվարձանում գտնվող «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում մայիսի 30-ի երեկոյան տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկիչների գործողությունների կանխման լայնածավալ վարժանքներ: Այս մասին հայտնել են մարզադաշտի տնօրինությունը և Ռոնի տարածաշրջանի անվտանգության վարչությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Սցենարի համաձայն՝ Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մրցախաղից առաջ երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցնում են մարզադաշտի հյուսիսային մուտքի մոտ:
Le Monde թերթի տվյալներով՝ վարժանքներին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, ներառյալ Լիոնի և դրա մերձակա քաղաքների քաղաքապետարանների աշխատողները, ՈՒԵՖԱ-ի, Ֆրանսիայի երկաթուղային ընկերության, Լիոնի օդանավակայանի աշխատակիցները:
France info ռադիոկայանը, ամփոփելով վարժանքների առաջին արդյունքներն, ընդգծել է, որ դրանք «թույլ տվեցին ստուգել անվտանգության ապահովման բոլոր մեխանիզմների աշխատանքը և բոլոր ուժերի ու գերատեսչությունների գործողությունների համակարգումը»:
Եվրո-2016-ը Ֆրանսիայում կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը։








































