Համբուրգի իշխանությունները որոշել են Գերմանիայում առաջինն օրինականացնել տարբեր սեռերի հարաբերակցությունը պետական մարմիններում: Այս մասին հաղորդում է Համբուրգի արդարադատության կայքը: Համապատասխան օրինագիծը, որը ներկայացրել է արդարադատության հարցերով սենատոր, սոցիալ-դեմոկրատ Յանա Շինդեկը, հաստատվել է քաղաքային խորհրդի կողմից:
Տեղի խորհրդարանում օրինագիծը քվեարկության կդրվի աշնանը, սակայն դրա ընդունումը կասկած չի առաջացնում, քանի որ սոցիալ-դեմոկրատներն այնտեղ մեծամասնություն են կազմում՝ հաղորդում է Hamburger Abendblatt-ը:
Խոսքն այն մասին է, որ Համբուրգի պետական գերատեսչություններում և կազմակերպություններում նույն սեռի ներկայացուցիչները չպետք է կազմեն ավելի քան 60%: Ներկա պահին կանայք փոքրամասնություն են կազմում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, այդ պատճառով փաստացիորեն օրենքը քվոտաներ է սահմանում նրանց թվաքանակի վրա:
Շուրջ 130 կոմիտեներ, գերատեսչություններ և պետության կողմից վերահսկվող կազմակերպություններ պետք է բարեփոխեն իրենց անձնակազմը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Դա չի նշանակում, որ օրենքի պատճառով տղամարդկանց զանգվածաբար կհեռացնեն աշխատանքից: Այն հակառակ ուժ չունի և հաշվի կառնվի միայն նոր աշխատակիցների ընդունելիս:











































