Ծիրանը շուկայում մրցունակ է այն դեպքում, երբ մթերվում է 300-350 դրամով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այս պահին ծիրանը մթերում են 400-500 դրամով: Նրա խոսքերով՝ անցած տարի ամբողջ Հայաստանից 13 000 տոննա ծիրան է արտահանվել. «Սովորաբար արտահանելու մեկնարկը հունիսի տասնհինգից հետո է սկսվում, այդ ժամանակ գինը կարող է լինել 1200 դրամ, այդ ապրանքը, բնականաբար, իր բարձր արժեքն է ունենում արտերկրում: Նշեմ նաև, որ բոլոր Հայաստանի արտահանողները գործ ունեն արտերկրի մեծածախ վաճառողների հետ»:
Բանախոսի հավաստմամբ՝ հայկական ծիրանն արտերկրում վաճառվում է 750-800 դրամով՝ մեկ կլիոգրամը:
Այն հարցին, թե ինչ ազդեցություն ունեցավ, ինչպես անդրադարձավ «Սպայկայի» հրդեհն իրենց գործունեության վրա, Բաղդասարյանը պատասխանեց. «Այո,՛ մեզ հետ տեղի ունեցած մեծ վթարը կարող էր ազդել մթերումների վրա, բայց ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Ի շնորհիվ մեր ղեկավարի կամքի՝ շատ արագ կոլեկտիվը վերակազմավորեց իր ուժերը: Մայիսի տասնհինգի գիշերը այդ դեպքը տեղի ունցավ, մենք արդեն երկու օր առաջ գործարկել ենք սառնարանային համալիրը. այսինքն ընդհանուր առմամբ որևէ կերպ թույլ չտվեցինք, որ ազդի մեր աշխատանքի վրա»։
Կ. Բաղդասարյանի խոսքերով՝ գների մասով ամենածանրը եղել է 2010 թ., երբ ցրտահարման հետևանքով ծիրան չկար: Նա նաև նշեց, որ այս պահին թարմ կարտոֆիլի մթերման գինը 120-150 դրամ է:











































