ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ իր պատմական այցի ընթացքում քննարկել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների մասին որոշման օրինականությունը։ Այս մասին նա հայտարարել է ճապոնական The Asahi Shimbun թերթին տված հարցազրույցում։
«Ես կրկին չեմ քննարկելու Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային զենքի կիրառման մասին որոշումը»,- հայտարարել է Օբաման։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն ինքը մտադիր է շեշտը դնել այն բանի վրա, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ այցը Հիրոսիմա ցույց կտա աշխարհին, որ «նույնիսկ նախկին հակառակորդները կարող են դառնալ ուժեղ դաշնակիցներ»։
Օբաման նաև ընդգծել է, որ ուղևորվում է Հիրոսիմա՝ «հիշելու և հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված տասնյակ միլիոնավոր մարդկանց»։
Սպիտակ տան ղեկավարը նշել է նաև առաջընթացը միջուկային զինաթափման գործընթացում։











































