Աշխարհում հարկադիր տեղահանվածների թիվը 2012-ին հասել է 45.2 միլիոնի: Սա վերջին 18 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում՝ փոխանցում է lenta.ru-ն:
Զեկույցի համաձայն՝ ներկայում փախստական է համարվում 15.4 մլն մարդ, իսկ 28.8 միլիոնը ներքին տեղահանվածներ են:
Հարազատ տունը ստիպված լքելու հիմնական պատճառը շարունակում է մնալ պատերազմը: Ինչպես ասվում է զեկույցում, հարկադիր տեղահանվածների 55 տոկոսը այն երկրներից են, որտեղ ընթանում են մարտական գործողություններ (Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա և Սուդան):
Ինչպես վերջին 32 տարիներին, 2012-ին նույնպես փախստականների թվով առաջին տեղում Աֆղանստանն է: Գրեթե յուրաքանչյուր 4-րդ փախստական ծագումով Աֆղանստանից է: Աֆղան փախստականների 95 տոկոսն ապաստան է ստանում Պակիստանում և Իրանում:
Զեկույցում նշվում է, որ հենց զարգացող երկրներն են ընդունում փախստականների մեծ մասին՝ 81 տոկոսին: 2012-ին փախստականների ընդունման ցուցանիշով առաջատարը Պակիստանն է, որն ընդունել է 1.6 մլն փախստականի: Երկրորդ տեղում Իրանն է (868.2 հազար), երրորդում՝ Գերմանիան (589.7 հազար):
Զեկույցը հրապարակվել է հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրվա նախօրեին:









































