Ըստ «Հրապարակ»-ի հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն անցկացնում է Գերմանիայում` Բադեն-Բադեն քաղաքում, որտեղ ամեն տարի ամռանը` «մինչ Սևան գնալը», անցնում է բժշկական զննություն. հիշենք, որ Բադեն-Բադենն աշխարհում ամենահայտնի առողջարանային և զվարճանքային քաղաքներից է: Հունիսի 20-ին Սերժ Սարգսյանն այնտեղից կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին:
Հայաստան կվերադառնա նույն օրը` 20-ի երեկոյան: Իսկ մինչ այդ ՀՀԿ գրասենյակը «մեռած է»՝ գրասենյակի բակում մեքենայի նմուշ անգամ չես գտնի. այնպիսի տպավորություն է, թե կուսակցությունն էվակուացրել են, շենքն էլ պետգույքի տնօրեն Արման Սահակյանը վաճառել է: Որպես օրինաչափություն՝ ՀՀԿ գրասենյակում կյանքն սկսվում է ժամը յոթից հետո, սակայն նախորդ օրը գրասենյակը փակ էր:
Ինչո՞ւ եք դուռը փակել՝ լրագրողը հարցնում է պահակին: «Մարդ չկա վերևում»: Նույնիսկ «արթուն պահակներ» Ռուբիկ Թադևոսյանն ու Մուշեղ Լալայա՞նը: «Ռուբիկ Թադևոսյանը հենց նոր գնաց, Մուշեղ Լալայանը վերևում շախմատ է խաղում»:









































