Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի վերաքննիչ դատարանը վճռել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ «անօրինական հարստացման» մասին գործերից մեկով, հաղորդում է RIA Novosti-ն:
Ներկա պահին Մուբարաքի դեմ հարուցված է առնվազն երեք քրեական գործ՝ կապված կոռուպցիայի հետ:
Ապրիլի 15-ին Եգիպտոսի դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել Մուբարաքին 2011 թ. հունվարին ցուցարարներին գնդակահարելու գործով նախնական կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ: Սակայն այս վճիռը թույլ չտվեց նախկին նախագահին հայտնվել ազատության մեջ, քանի որ նրա դեմ ներկայացված էր նաև կոռուպցիայի մեղադրանք:
2013 թ. մարտին նախկին նախագահին և նրա որդիների դեմ ներկայացվել է բյուջեից ավելի քան 150 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանք: Հետաքննության տվյալներով՝ նրանք եղել են կոռուպցիոն սխեմայի մասնակիցներ, որը գործել է մի քանի տարի: Երկրի նախագահի նստավայրի վերանորոգման և վերակառուցման համար նախատեսված միջոցները չեն ծառայել իրենց նպատակին և փոխանցվել են Մուբարաքի ընտանիքի հաշվեհամարներին:








































