Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ քննարկել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալության հարցը, հաղորդում է Trend-ը:
Ուսուպաշվիլին նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում 7-8 ամիս է, ինչ ձևավորվել է նոր կառավարություն, երկրում քաղաքական կյանքը դեռս անկայուն է:
Ինչ վերաբերում է Մերաբիշվիլիի գործին և ընդդիմությանը, ապա Ուսուպաշվիլիի խոսքերով՝ նոր իշխանությունը լավ է գիտակցում այն իրականությունը, որն այսօր գոյություն ունի երկրում:
«Տասը տարի շարունակ միայն մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներ են զբաղեցրել բոլոր կարևոր պաշտոնները, շատ գործեր պետք է քննել, և պետք չէ զարմանալ, եթե քննությունը տանում է դեպի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները»,- ասել է Ուսուպաշվիլին:
Նրա խոսքերով՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոչ մեկ անգամ դիմել է եվրոպացի ընկերներին՝ երկրի ներսում գործընթացների մոնիթորինգ անցկացնելու համար:
«Մենք պատրաստ ենք հարցերի պատասխանել և պարզաբանել յուրաքանչյուր քայլը»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:










































