«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց չստացած աշխատավարձերը: Չնայած «Արմավիա»-ն հայտարարել էր, թե հունիսի 7-ից սկսելու է մարել աշխատավարձերի պարտքերը, սակայն անձնակազմի մի մեծ հատվածն աշխատավարձ չի ստացել, հունիսի ութին միայն աշխատավարձ են ստացել բորտուղեկցորդները, իսկ մնացածը՝ ինժեներատեխնիկական անձնակազմը և օդաչուները դեռ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակցուհի, բորտուղեկցորդուհի Լիլյա Կարապետյանը: Վերջինս նաև ասաց, որ շատերն առանձին-առանձին են դիմում ղեկավարությանն իրենց աշխատավարձերը ստանալու նպատակով, միգուցե այդ անձնակազմերից աշխատակիցներ ևս ստացել են, բայց ստույգ տեղեկություն չունի։ Ըստ նրա, եթե մի մասին վճարել են, ուստի կարելի է հույս ունենալ, որ «Արմավիա» ավիաընկերության բոլոր նախկին աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձերը, թեկուզ՝ ոչ ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն պաշտոնապես հայտարարել էր, թե կշարունակի վճարել իր նախկին աշխատակիցների աշխատավարձերը, երբ «Ավիա-Սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքերը: Սակայն «Ավիա-Սերվիս»-ն արդեն վճարել է այդ պարտքը չորեքշաբթի օրը, ուստի ենթադրվում է, որ «Արմավիա»-ն պետք է արդեն սկսած լիներ վճարել այն աշխատակիցների պարտքերը, որոնք դեռևս չէին ստացել աշխատավարձ: «Արմավիա»-ից մեզ վստահեցրել էին, որ նման գործընթաց սկսվելու է առաջիկա օրերին:









































