Չինացի կույր այլախոհ Չեն Գուանչեն հայտարարել է, որ իրեն ստիպում են հեռանալ Նյու Յորքի համալսարանից՝ հաղորդում է The New York Times-ը: Ինչպես հիշեցնում է թերթը, Չինաստանում հարկադիր աբորտների մասին մի շարք հրապարակումներից հետո ակտիվիստը մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհում: Արդյունքում նա փախել է տնային կալանքից և ապաստան գտել ԱՄՆ-ում:
Այժմ այլախոհի խոսքով՝ նրան ստիպում են լքել համալսարանը: Ինչպես պնդում է Գուանչեն, Նյու Յորքի համալսարանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ իր ակտիվ գործունեությունը և Չինաստանի կառավարության քննադատությունը կարող են վնասել հարաբերությունները Չինաստանի համալսարանի հետ: Վերջերս բուհը մասնաճյուղ է բացել Շանհայում, և վտանգ գա, որ Պեկինը կարող է մուտքի այցագիր չտրամադրել ամերիկացի մի շարք գիտնականների, որոնք մասնակցում են համատեղ նախագծերում:
«ԱՄՆ-ի ակադեմիական շրջաններում չինացի կոմունիստների աշխատանքը շատ ավելի լուրջ է, քան մարդիկ պատկերացնում են: Որոշ գիտնականներ այլընտրանք չունեն՝ նրանք պետք է զերծ մնան (քաղաքականությանը մասնակցությունից): ԱՄՆ-ում ակադեմիական անկախությանն ու ակադեմիական ազատությանը սպառնում է տոտալիտար ռեժիմը»,- ասվում է ակտիվիստի հայտարարության մեջ:
Նյու Յորքի համալսարանում բոլոր մեղադրանքները հերքում են: Համալսարանում պնդում են, որ ի սկզբանե չինացի այլախոհի հետ համագործակցությունը նախատեսված է եղել մեկ տարով:










































