Արդեն երրորդ օրն անընդմեջ Սոֆիայում և Բուլղարիայի այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ նոր կառավարությունում նշանակումներից մեկի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մարդկանց դժգոհությունն է հարուցել «Շարժում հանուն իրավունքի և ազատության» կուսակցության պատգամավոր, մեդիամագնատ Դելիան Պեևսկու նշանակումը Ազգային անվտանգության պետական գործակալության ղեկավարի պաշտոնում: Նշենք, որ բողոքի ցույցերը համակարգվում են սոցցանցերով:
Չնայած այն բանին, որ Պեևսկին ցանկացել է նշանակումից հրաժարվել՝ երկրում բողոքի ակցիաները չեն դադարում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:
Ընդամենը մի քանի ամիս առաջ զանգվածային բողոքի ակցիաների պատճառով նախարարների նախորդ կաբինետը հրաժարական տվեց:
Պեևսկին, որը ղեկավարում է բուլղարական ԶԼՄ-ների զգալի մասը, ստիպվածէ եղել նախկին կառավարության կազմից դուրս գալ կոռուպցիոն մեղադրանքների պատճառով: Ավելի ուշ այդ մեղադրանքները նրա վրայից հանվել են: