Եվրասիական միության գաղափարի քարոզչական զինանոցը կարող է համալրվել Հայաստանի համար առաջին հայացքից հաճելի, իրականում բավական վտանգավոր մի գաղափարով՝ Ղարաբաղի անդամակցություն Եվրասիական միությանը: Արդեն իսկ տարբեր մեդիֆիկացիաներով, տարբեր, այսպես ասած, «ոչ հայտնի» լրատվամիջոցների միջոցով նրբորեն շրջանառության մեջ են դրվում նման մոտեցումներ, հայտնվում են նման վարկածներ և հեռանկարների մասին կանխատեսումներ: Ռուսաստանի համար ակնհայտ է, որ Հայաստանի հասարակական շրջանակներում տեղի են ունենում բավական հիմնարար փոփոխություններ, և նախկին կարծրատիպային ու ռոմանտիկ պատկերացումներով հնարավոր չէ ապահովել անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Ռուսաստանին, «ռսի օրհնած ոտին»:
Այդ «ոտի» ապոլոգետները այսօր քիչ չեն, սակայն հասարակական շրջանակներում գոյացել է մի խավ, որն այլևս խնդիրներն ու հարաբերությունները դիտարկում է Հայաստանի ազգային և պետական շահերի սկզբունքային տեսանկյունից՝ չենթարկվելով ռոմանտիկայի կամ կարծրատիպային ազդեցությունների: Այսինքն, «օրհնած ոտի» քարոզչությանը ներկայումս հակադրվում է պետական շահի մասին պատկերացումներով օժտված քաղաքացիների կարծիքը, ինչը բարդացնում է մանիպուլյացիաները: Հետևաբար պետք են քարոզչական նոր կորիզներ, և Ղարաբաղի թեման այս տեսանկյունից ակնհայտորեն դիտվում է հավանականներից մեկը:
Փորձ է արվում ներշնչել այն մտայնությունը, որ եթե Հայաստանը գնա Եվրասիական միություն՝ Եվրամիության հետ ասոցացվելու փոխարեն, ապա Ռուսաստանը միանգամայն պատրաստակամորեն, նույնիսկ շնորհակալության կարգով կճանաչի Ղարաբաղի անկախությունն ու նրան էլ կընդունի Եվրասիական միություն: Նախ՝ այստեղ անկախություն և Եվրասիական միություն հասկացություններն են պարզապես անհամատեղելի: Գաղափարի հեղինակ Պուտինը մի քանի անգամ պարզորոշ ասել է, արտահայտվել է, որ ինքը կարոտում է ԽՍՀՄ-ը և ինտեգրացիոն պրոցեսների սերտացումն իրականացվում է հենց այդ կարոտի, և ուրիշ ոչ մի այլ բանի շրջանակում: Այսինքն, Եվրասիական միությունում ոչ թե Ղարաբաղի անկախությունն է ճանաչվելու, այլ միացումը Ռուսաստանին: Այնպես որ, միայն սա բավական է, որ ռոմանտիկայով տոգորվածների մոտ չառաջանա գայթակղություն, թե Եվրասիական միությունը Ղարաբաղի հարցը հայերի օգտին մեկընդմիշտ լուծելու լավագույն տարբերակն է, առավել ևս, որ Եվրամիության պարագայում էլ հակամարտությունները դիտվում են որպես անդամակցությանը խոչընդոտող պայման:
Այսպիսով, Եվրասիական միությունը ոչ թե Ղարաբաղի հարցն է լուծելու, այլ Ղարաբաղի հարցով ավելի ինտենսիվորեն լուծելու է Ռուսաստանի հարցերը: Եվ եթե մի գեղեցիկ օր Մոսկվային հաջողվի հայերին համոզել Եվրասիական միությունն ընտրել հանուն Ղարաբաղի, այսպես ասած, ճանաչման, ապա այդ հարցը լուծելուց հետո, կասկած չկա, որ Ադրբեջանին համոզելու համար էլ Ռուսաստանը Ղարաբաղը կամ Ղարաբաղի մի որևէ մաս կխոստանար Բաքվին՝ գայթակղելով ընտրել Եվրասիական միությունը կամ շնորհակալություն հայտնելով նման ընտրության դեպքում:
Այնպես որ, քանի դեռ չեն սկսվել Ղարաբաղը եվրասիական քարոզչության մաս դարձնելու ինտենսիվ փորձերը, և դրանց ընդամենը ծիլերն են նկատվում, արժե երևի թե պատրաստել հասարակությանը այդ հարցում լուրջ դատողությունների և դիտարկումների՝ մի կողմ թողնելով ռոմանտիզմն ու սնապարծությունը, որոնք առ այսօր Հայաստանը միայն դարձրել են իր դաշնակիցների ու թշնամիների առևտրի առարկա:









































