Սերժ Սարգսյանը որոշել է կարճատև արձակուրդ գնալ, որը, ինչպես հայտնում են նախագահականից, անցկացնելու է արտասահմանում: Եվ կրկին Հայաստանի քաղաքացիների համար հայտնի չէ, թե հատկապես որ երկրում, որ հանգստավայրում, ինչ միջոցների հաշվին: Առավել ևս այսօր, երբ քաղաքացիների համար իրականություն են դարձել նոր թանկացումները, նաև սպասվող թանկացումները: Երբ ԿԲ-ն 2013 թվականի համար կանխատեսում է 8 տոկոսին մոտ գնաճ, իշխանությունների ծախսերը դառնում են առավել քան էական խնդիրներ:
Սակայն Սերժ Սարգսյանը շարունակում է հանգստանալ «արտասահման» ընդհանուր ձևակերպմամբ: Մինչդեռ արտասահմանյան հանգստավայրերի գները տատանվում են շատ էժանից մինչև աստղաբաշխականի սահմաններում: Արժե երևի թե հիշել, որ տարիներ առաջ իտալացի նախարարներից մեկը հրաժարական տվեց, որովհետև չէր կարողացել բացատրել, թե ինչ միջոցներով է իր հանգիստն անցկացրել թանկարժեք հանգստավայրերից մեկում: Կասկած չկա, որ նույն խնդրի առաջ կկանգնեն հայաստանցի պաշտոնյաները, եթե կոնկրետ տեղեկություններ հաղորդեն իրենց հանգստավայրերի մասին:
Խոսքը ոչ թե հրաժարական տալու, այլ բացատրելու մասին է, որովհետև միևնույն է՝ նրանք հրաժարական չեն տա, իսկ հասարակությունն էլ չի կարող հասնել դրան իր պահանջով, եթե չի հասել մինչև այսօր՝ չնայած բազմաթիվ աղաղակող առիթներին: Եվ չի կարողացել պահանջել նաև, որ նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այս երկրում մանրամասն հայտնեն, հաշվետու լինեն քաղաքացիներին, թե որտեղ են իրենք հանգստանում:
Սերժ Սարգսյանի հանգիստը կամ արձակուրդը ունի նաև քաղաքական կողմ: Նա արձակուրդ է գնում մի իրավիճակում, երբ երկրում կուտակվում են սոցիալական խնդիրները, և սոցիալական բողոքի դրսևորումները հաջորդում են մեկը մյուսին: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, ուղղակի փախչում է: Սակայն մյուս կողմից՝ չի բացառվում, որ Սարգսյանը, որ սովորաբար արձակուրդ էր գնում օգոստոսին, արձակուրդը որոշել է հուլիսին անցկացնել, քանի դեռ իրավիճակը չի հասել իր գագաթնակետին:
Բանն այն է, որ վերջին շրջանում քաղաքական կուլիսներում սկսել են շատ խոսել ֆորս-մաժորային իրավիճակների մասին: Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, որոշել է կազդուրվել հուլիսին, որպեսզի օգոստոսին, այսինքն՝ աշնանից առաջ լինի Հայաստանում, անձամբ վերահսկի իրավիճակը, և օգոստոսն էլ օգտագործի թեժ աշնանը պատրաստվելու, հնարավոր ֆորս-մաժորի փորձերին կամ միտումներին դիմագրավելու համար:
Ընդ որում, միգուցե պատահական, բայց շատ խորհրդանշական փաստեր են, որ արձակուրդից առաջ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ, ինչպես նաև Ռուսաստանի օրվա կապակցությամբ եղել է Ռուսաստանի դեսպանատանը, իսկ արձակուրդից հետո նա արդեն մասնակցելու է Վիեննայում տեղի ունենալիք ԵԺԿ գագաթնաժողովին:
Սա՝ հենց այնպես, ինչպես ասում են՝ ինֆորմացիա մտորումների համար:










































