Մինչ լրատվամիջոցներում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի լրացուցիչ հարկը քանդելու որոշումը, պարզվում է` Սամվել Ալեքսանյանի մտերիմը դառնում է Երևանի փոխքաղաքապետ: Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի մասին է:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ` Օհանյանի նշանակումից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է դառնալու վարչական շրջանի ղեկավարի ներկայիս տեղակալ Արտակ Ալեքսանյանը, ով Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է: Ի դեպ, մամուլում արդեն գրվել է, որ նա ընդամենը 25 տարեկան է:
Այսպիսով, Սամվել Ալեքսանյանը լիովին կվերահսկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ այս անգամ արդեն Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում ներկայացուցիչ ունենալով:
Հունիսի 15-ին Երևանի ավագանին նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է ՀՀԿ խմբակցության անդամ Կամո Արեյանին, Դավիթ Օհանյանին, Վահե Նիկոյանին և քաղաքապետի խորհրդական, Տարոն Մարգարյանի ընկեր Արամ Սուքիասյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու հարցը: Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, փաստորեն, լքում է պաշտոնը: Մեզ հասած տեղեկություններով` նա կդառնա խորհրդական:
Ի դեպ, նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ուզո՞ւմ է փոխքաղաքապետ դառնալ, Դավիթ Օհանյանը հայտարարել էր. «Բայց դա ուզելու խնդիր չի: Ինձ նման առաջարկ չի եղել, ես շարունակում եմ պաշտոնավարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում` քաղաքապետի հրամանով»: Դավիթ Օհանյանը, փաստորեն, որոշել էր թաքուն պահել իր նշանակումը: Նա նաև ասաց, թե Սամվել Ալեքսանյանն իր հովանավորը չէ, մտերիմն է:
Այսպիսով` Տարոն Մարգարյանը առատորեն «կփոխհատուցի» Սամվել Ալեքսանյանին`ավագանու ընտրություններում հայտնի ակտիվության և Մալաթիայի ընտրությունների համար:
Ուրախալին այն է, որ փաստորեն իշխանությունն իրականացնում է օլիգարխիան և բիզնեսը իշխանությունից տարանջատելու իր հայտնի ծրագիրն ու օլիգոպոլիաների դեմ պայքարը: Եվ որ ամենակարևորն է, ինչպես կպնդեր Տարոն Մարգարյանը, այս ամենն արվում է երևանցիների համար ու հանուն ավելի լավ Երևանի:
Իսկ հունիսի 15-ի ավագանու նիստում նաև հաստատվելու են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնների դրույքաչափերը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































