Մայիսի 4-ին Պրահայում ավարտվեց «Արևելյան գործընկերության» արտաքին քաղաքական գերատեսչությունների առաջնորդների երկօրյա հանդիպումը, որին հրավիրված էին Նիդեռլանդների, Շվեդիայի և ԳԴՀ-ի արտգործնախարարները, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության հետագա զարգացման հարցը, ԵՀ-ի առաջարկը փախստականների ընդունման համակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման, Ուկրաինայում բարեփոխումների և այլ կարևոր հարցեր:
Չեխիայի արտգործնախարար Լյուբիմոր Զորալեկը հիշեցրել է, որ «Արևելյան գործընկերություն» նախագիծը ծագել է 2009թ., նա նշել է, որ ԵՄ-ի՝ ԱՊՀ վեց երկրների՝ Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ մերձենալու այդ նախաձեռնությունը զարգացման մի քանի փուլ է անցել, և փորձն արդարացնում է իրեն:
«Ներկա երկխոսությունը, ինչպես ինձ թվում է, ցույց տվեց, որ «Արևելյան գործընկերության» կայացման սկզբում խնդիրների լուծման մեր մոտեցումները չափազանց մեխանիկական են եղել: Այսօր մենք գիտակցում ենք, որ պետք է ավելի շատ արձագանքել նախաձեռնության մասնակից երկրների պատկերացումներին և կարիքներին, որպեսզի նրանք զգան, որ դա իրենց նախագիծն է, որը պատասխանում է նրանց նպատակներին և պահանջներին: Մենք, իհարկե, համակարծիք էինք, որ անհրաժեշտ է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհներ գտնել՝ միջազգային իրավունքի համաձայն: Տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնումը մեր առաջնահերթությունն է»,- ասել է Լյուբիմոր Զորալեկը:
«Ինձ շատ է ուրախացնում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ձեռք բերված առաջընթացը, և մենք այստեղ պայմանավորվել ենք նոր փուլի վերաբերյալ: Սակայն դա չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնելու մյուս երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի վրա: Ես հավատացած եմ, որ մեզ կհաջողվի այդ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման առաջարկը հարմարեցնել նրանց պահանջներին»,- ասել է Զորալեկը:
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն նույնպես նշել է «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության ոլորտների ընդլայնման նպատակահարմարության մասին:
«Մի կողմից մեր առջև կանգնած է անվտանգության քաղաքականության հարցը, մյուս կողմից էլ՝ տնտեսական քաղաքականության խնդիրը: Չի կարելի տեսադաշտից բացառել նաև հասարակական քաղաքականության, հասարակությունների փոխազդեցության հարցը: Պետք է հեշտացնել քաղաքացիների տեղաշարժը մի երկրից մյուսը և հայրենիք վերադառնալը: Դա «Արևելյան գործընկերության» երկրների համար շատ կարևոր հարց է: Մենք պետք է հասնենք նրան, որ մարդիկ հեռանկարում մնան այնտեղ, որտեղ ապրում են, այսինքն՝ հայրենիքում, որպեսզի նրանք հաճույքով աշխատեն իրենց երկրում»,- ասել է Անդրեաս Պեշկեն:







































