Գերմանական Hugo Boss բրենդը չեղյալ է հայտարարել Լոնդոնում երեկույթը՝ բրենդի խանութներից մեկում 4-ամյա երեխայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Անցած շաբաթ Բիստեր Վիլեջի մեր խանութում դժբախտ դեպքից հետո Hugo Boss-ը որոշեց չեղյալ հայտարարել London Collections: Men երեկույթը, որը պետք է տեղի ունենար հունիսի 17-ին: Hugo Boss-ում բոլորը ցնցված են կատարվածից: Մենք կարծում ենք, որ նման ողբերգությունից հետո չարժե երեկույթ կազմակերպել»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Բերնդ Հեկը
Հիշեցնենք, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ Hugo Boss-ի խանութում, որը տեղակայված է Բիստեր Վիլեջ գյուղում՝ Օքսֆորդից 20 կմ հեռավորության վրա:
Ծնողների հետ խանութում գտնվող 4-ամյա տղայի վրա էր ընկել մեծ հայելին: Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից 4 օր անց մահացել էր:
Ընկերությունը ցավակցություն է հայտնել երեխայի ընտանիքին ու խոստացել հետաքննություն անցկացնել:









































