Փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանի տեղեկացմամբ՝ այս տարի գրանցվել է թրաֆիքինգի երկու դեպք, ինչի առթիվ անցկացվում է նախաքննություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ 2008 թվականից մինչ օրս բացահայտվել է երեխաների թրաֆիքինգի 15 դեպք՝ 6 աղջիկ և 9 տղա: Դրանց կազմակերպիչները պետք է ենթարկվեն 7-11 տարվա ազատազրկման. չկան այնպիսի դեպքեր, երբ թրաֆիքինգի ենթարկողին արդարացնեն: Մինչ օրս երեխաների հանդեպ կիրառվել է թրաֆիքինգի երկու տեսակ՝ սեռական և աշխատանքային շահագործում:
Պրն Թումասյանը նշեց, որ սեռական շահագործման են ենթարկվում հիմնականում մայրաքաղաքի երեխաները, թրաֆիքինգը գերակշռում է նաև Սյունիքի և Տավուշի մարզերում:
«15 տուժած երեխան 15 խեղված ճակատագիր է, շատ դեպքերում թրաֆիքինգի ենթարկվածները կամ հայր չունեն, կամ մայր: Նման երեխաներին, որպես կանոն, ընտանիքներում լավ են վերաբերվում, որպեսզի հոգեբանական խնդիրները շուտ հաղթահարեն»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ երեխային թրաֆիքինգի է ենթարկել խորթ հայրը կամ դպրոցի փոխտնօրենը։
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների հարցերով զբաղվող 2 հասարակական կազմակերպություն, որոնք թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին ցույց են տալիս բարոյահոգեբանական, բժշկական աջակցություն և փորձում են բացահայտել դեպքերը:











































