Աֆղան զինվորականները կոշիկի սուր սղության են բախվել՝ չնայած ԱՄՆ կողմից լուրջ ֆինանսավորմանը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ինչպես նշում է պարբերականը, վերջին 14 տարում ԱՄՆ-ը ավելի քան 68 մլրդ դոլար է ծախսել անվտանգության աֆղանական ուժերի ֆինանսավորման վրա, սակայն պարզվել է, որ զինվորականները լիովին ապահովված չեն հագուստով և կոշիկով։ Պարբերականը դրա պատճառ է համարում երկրում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակը։
Նման իրավիճակը ստիպել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ստանձնել աֆղանական բանակի համար համազգեստի և կոշիկի գնման վերահսկողությունը։ Ներկայում կոալիցիան փորձում է ցամաքով և օդով երկիր հասցնել ավելի քան 1 մլն զույգ կոշիկ աֆղան զինծառայողների համար։ Ըստ այդմ՝ որոշ պատվերներ արվել են դեռևս 2014 թվականին։
WP-ը նշում է, որ հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում կոալիցիան ծրագրել է Աֆղանստան մատակարարել ընդհանուր 100 մլն դոլարի կոշիկ, սակայն ենթադրվում է, որ այժմ ԱՄՆ-ը ստիպված կլինի ևս 215 մլն դոլար ծախսել։











































