IBM ընկերությունը հայտարարել է սեփական փորձնական քվանտային պրոցեսորի հիման վրա առաջին ամպային ծառայության թողարկման մասին: New York Times-ի հաղորդմամբ՝ նոր հարթակը կոչվում է Quantum Experience:
Ենթադրվում է, որ նոր ծառայությունից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները, սակայն առայժմ այդ գաղափարը միայն տեսական է: Ներկայումս հասանելիություն կարող են ստանալ միայն նրանք, ովքեր հայտ կներկայացնեն և համապատասխան թույլտվություն կստանան:
Հաղորդվում է, որ այն ստանալուց հետո օգտատերերը կկարողանան գործարկել ալգորիթմներ և թեստեր, աշխատել առանձին կուբիտներով, նաև առաջադրանքներ կատարել: Ընկերության այս առաջարկն ուղղված է 5-կուբիտանոց պրոցեսորի հիման վրա հարթակի հնարավորությունների ավելի մանրամասն ուսումնասիրությանը:
Միաժամանակ, IBM-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ արդեն հաջորդ 5-10 տարում հնարավոր կլինի ստեղծել 50-100-կուբիտանոց քվանտային պրոցեսորներ, որոնցով հնարավոր կլինի իրականացնել գործնականում ցանկացած հաշվողական խնդիր:








































