«Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով այսօր կազմակերպված համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, այնպես էլ պետական հատվածի կառույցների համար։
Համաժողովն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և կազմակերպվում է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության և «Դոմ-Դանիել» ընկերության կողմից:
«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս Գրեյն իր ելույթում ընդգծեց՝ յուրաքանչյուր ոլորտի և հատկապես կառավարման համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը մեծապես պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
E-gov.am կայքն այսօր Հայաստանում թույլ է տալիս հասարակությանը հետևել կառավարության աշխատանքներին, բայց միայն որոշ չափով: Արդյունավետ կառավարման և հանրային վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի թափանցիկ, ինչն իր հերթին անհնար է իրագործել առանց նորագույն տեխնոլոգիաների կիրառման: Հիմա 4-րդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակն է. տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին դրանց զարգացումն ապահովելու համար: Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, որակյալ մասնագետներ պատրաստելու առումով, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակից արագ են զարգանում և պետք է շարժվել զարգացմանը համահունչ՝ հետ չմնալու համար:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ընդգծում է՝ ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող արագ փոփոխությունները պահանջում են արագ որոշումների կայացում:
Նախարարը կարևորեց հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ռազմարդյունաբերական ոլորտում՝ նկատելով, որ դա ներկա ռազմաքաղաքական իրավիճակի հրամայականն է:










































