Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն իր զինված ուժերի համար 2013 թվականին ձեռնամուխ է լինելու ռազմանավերի արտադրությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը.
«Ներկայումս Բաքվում կառուցվում է նավաշինական գործարան: Դրանում կարտադրվեն ոչ միայն քաղաքացիական նավեր, այլև` ռազմանավեր, որոնք կտրամադրվեն ռազմածովային ուժերին ու առափնյա պաշտպանությանը:
Ցայժմ Առափնյա պաշտպանության սահմանապահ ծառայությունը SOCAR-ից ստացել է «նավթ-գազ» տիպի 5 նավ: Դրանք կառուցվել են SOCAR-ի նավաշինական գործարանում և կարող են շահագործվել անգամ օվկիանոսում»:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին էլ նշվում էր, որ թուրքական Ares Shipyard ընկերությունը մտադիր է Ադրբեջանում հիմնել ռազմական նավաշինություն (ռազմական ու քաղաքացիական նշանակության մոտորանավակներ):