Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը պայմանավորել է աշխարհում ահաբեկչության սպառնալիքի աճով: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Վերջին օրերին մենք ենթադրություններ ենք լսում, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապերի բաժինը համագործակցում է ԱՄՆ-ի հետ, որպեսզի շրջանցի թագավորության օրենքները և ստանա այն տեղեկությունը, որին հասանելիությունը փակ է մեր երկրում: Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ դա այդպես չէ:
Ցանկացած տեղեկություն, որը մենք ստանում ենք ամերիկացի գործընկերներից, ստուգվում է՝ համաձայն բրիտանական օրենսդրության: Այս գործընթացին մասնակցում են ինչպես կառավարության և խորհրդարանի անդամները, այնպես էլ անկախ կառույցները»,- Հեյգի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
«Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, ապա դրա պատճառը աշխարհում ահաբեկչության աճող սպառնալիքն է»,-հավելել է նա:
Հեյգը հասկացրել է նաև, որ մտադիր չէ «հերքել կամ հաստատել» Մեծ Բրիտանիայում համացանցի օգտատերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ հավաքելու փաստը:











































