Skype տեսակապի ծառայության միջոցով համացանցից օգտվող հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվել են զանգվածային սպամ-հարձակման: Այս մասին հայտնել է համակարգչային սպառնալիքներից պաշտպանության հարցերով զբաղվող ESET ընկերության մամլո ծառայությունը, որն էլ հայտնաբերել է սպամի սպառնալիքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սպամ հաղորդագրությունների կարճ հղումները պարունակում են Dorkbot «որդ», որը գաղտնի տեղեկություններ է գողանում: Փորձագետները նշում են, որ կասկածելի հղումները դիմակավորված են երկար հղումները կրճատող օրինական ծառայությունների միջոցով:
Ամենից շատ տուժել են Ռուսաստանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում: Ենթադրաբար հաղորդագրությունները տարածվել են տարբեր լեզուներով՝ կախված պետությունից, ինչը զգալիորեն մեծացրել է սպամ-արշավի արդյունավետությունը:
ESET-ի տեղեկություններով՝ հասցեները կարճացնելու ծառայությունների մեծ մասն արգելափակել են վնասակար հղումները: Ընկերությունում հայտարարել են, որ շարունակում են հետևել իրավիճակին և կոչ են անում օգտատերերին զերծ մնալ հղումներով անցում կատարելուց:









































