Եվրոգոտու իրավասու մարմինների հիմնական միջոցառումները կարճ ժամկետում կարող են բավարար արդյունավետություն չունենալ, իսկ միջին և երկարաժամկետ հեռանկարում առավել արդիական կլինի ստագնացիայի և թույլ տնտեսական աճի երկարաձգումը, որը կարող է պայմանավորվել եվրոգոտու «արվարձանային» երկրների մասնավոր հատվածի դեռևս մեծ պարտքի բեռով: Սա որպես այս տարվա համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկ է համարվել մեր Կենտրոնական բանկի մասնագետների կողմից:
Որպես 2013 թ. հիմնական ռիսկ՝ նշված է նաև ԱՄՆ-ի և Ճապոնիայի ֆինանսական ոչ կայուն իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում, ինչը խոշոր սպառնալիք է հանդիսանում համաշխարհային տնտեսության համար: Զարգացող երկրներում միջնաժամկետ տնտեսական աճի` կանխատեսվածից ցածր ցուցանիշը ևս, ըստ Հայաստանի ԿԲ-ի, կարող է հանգեցնել ներդրումների, կապիտալի հոսքերի, հետևաբար և պոտենցիալ ՀՆԱ-ի նվազման:
Այս ամենը կարող է ազդել նաև ՀՀ տնտեսության վրա: «Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող հիմնական հնարավոր ռիսկերից են եվրոպական երկրների թույլ տնտեսական աճով պայմանավորված ցածր պահանջարկը և տնտեսական անկայուն աճին զուգորդվող` արդյունաբերական մետաղների գների նվազման հավանականությունը:
Ազդեցության մյուս օղակը Ռուսաստանի տնտեսությունն է, որի զարգացումները կարող են անդրադառնալ ինչպես ՀՀ արտահանող ճյուղի, այնպես էլ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի ներհոսքի վրա»,- ասված է Կենտրոնական բանկի երեկ հրապարակած ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունում:










































