Հայաստանում առաջացել է հանրային տրամադրությունների վակուում: Ամենասկզբում Հայ Ազգային Կոնգրեսը, հետո Ժառանգությունն ու գուցե ՀՅԴ-ն, աստիճանաբար կորցրեցին ամբողջական հանրային տրամադրության արտահայտիչը լինելու մեծ ուժը: Այժմ առաջացել է մի իրավիճակ, երբ ընդդիմությունը զրկվել է հանրային տրամադրությունները կրողի կարգավիճակից, ընդ որում` մոտ հեռանկարի առաջ, իսկ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում քիչ թե շատ երևացող ուժերի փոխարեն չկա որևէ այլ ուժ, որը կարողանա ստանձնել այդ կարգավիճակը: Այլ կերպ ասած` ստեղծվում է մի իրավիճակ, երբ ներքին կյանքը արտաքին գործընթացներից դնելով կախվածության մեջ` իշխանությանը հաջողվեց «անտեր» թողնել հանրային կարծիքն ու տրամադրությունները, դրանք զրկել կազմակերպական արտահայտչաձևից, հետևաբար զրկել այն ազդեցությունից, որ հասարակությունն ուներ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում:
Իսկ ի՞նչ է նշանակում լինել հանրային տրամադրության կրող: Դա այն է, երբ, օրինակ, հասարակության որևէ խավ դեմ լինելով որևէ անձի, այդուհանդերձ, համակրում է այդ անձի գործը, ուղղակի կամ մտովի միանում է այդ գործին: 2008թ. նախագահի ընտրությանը մենք, թերևս, հենց այդ իրավիճակի պտուղն էինք քաղում, երբ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անձը` որպես քաղաքական գործիչ, ընդունելի չէր հասարակության մի զգալի խավի համար, բայց այդ խավի մի զգալի մասն, այդուհանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության գործի համակիրն էր, իրեն համարում էր այդ գործի մաս, այդ գործը համարում էր իր նպատակներին և տրամադրություններին համահունչ գործընթաց: Այժմ կարծես թե պակասում է այդ իրողությունը: Վերջին նախագահական ընտրությունները բոյկոտելու շնորհիվ իշխանությունը կարողացավ մասնատել հանրային տրամադրությունն ու կարծիքը:
Եթե այդ իրողությունն ընդունվում է և գիտակցվում, առողջ և ստեղծարար ընդդիմադիր հատվածը, թերևս, կարող է շատ արագ ուշքի գալ և գտնել ելքը: Եթե ընդդիմությունը շարունակում է իրադարձություններին նայել սեփական դափնիների բարձրությունից, ապա վտանգը մեծ է, որ դափնու ճյուղերը կարող են անտեսանելի դարձնել շատ բաներ և ընդդիմությանը կտրել իրականությունից: Այս ամենն, իհարկե, ամենևին էլ ընդդիմության մահախոսականը չէ, բայց ակնհայտ է, որ ընդդիմության կենսունակությունն արդեն ունի ավելի շարժուն ապացույցների կարիք, քան պարզապես լինելը: Ընդ որում` որևէ մեկը թող դա չշփոթի իշխանափոխություն իրականացնելու պահանջի հետ: Ընդդիմության կենսունակության կամ արդյունավետության չափանիշը ամենևին էլ իշխանափոխությունը, դրա արագությունը կամ դրան մոտ կամ հեռու լինելը չէ: Խնդիրը պարզապես այն է, թե ընդդիմությունը որքանով է հասկանալի հասարակությանը: Եթե նույնիսկ չվստահեն, կարևորը, թե ինչքան են հասկանում ընդդիմությանը, ինչքան է ընդդիմության խոսքը հասանելի և ընկալելի հասարակությանը: Այդ իմաստով է, որ ներկայումս աշունը ոչ թե թեժ, այլ խառը լինելու նշաններ է ցույց տալիս, որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը, իշխանության տրամաբանությունը հասարակությանն ավելի հասկանալի է, քան ընդդիմադիր դաշտինը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































