Լիբիայի Բենղազի քաղաքում երկրի արևելքում գործող կառավարամետ զինված ջոկատի անդամների և նրանց ներկայության դեմ բողոքողների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Միջադեպի հետևանքով զոհվել է 28 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով առողջապահության գերատեսչությանը: Հաղորդվում է 60 տուժածի մասին:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն շենքի մոտ, որտեղ նախկինում տեղակայված էր Քադաֆիի դեմ պայքարող ապստամբների կենտրոնակայանը:
Բնակիչներից մեկի խոսքով՝ ցուցարարները դեմ են «Լիբիայի վահան» զինված խմբավորման ներկայությանը, նրանք պահանջում են արձակել այն և վերականգնել բանակը: «Տեսա, թե ինչպես ինչ-որ մեկը քար նետեց գրոհայինների կողմը, ինչին ի պատասխան՝ կրակ բացվեց»,- ասել է նա:
Լիբիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում լուծել Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո գրոհայինների զինաթափման խնդիրը: Նրանց մի մասը համաձայնել են անցնել պաշտոնական իշխանությունների վերահսկողության ներքո, սակայն զգալի մասը ենթարկվում է միայն իր դաշտային հրամաններին, ինչը լարվածություն է առաջացնում երկրում:









































