Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահի հետ: Երկու առաջնորդները բարեկամական մթնոլորտում քննարկել են մի շարք հարցեր:
Այժմ ԱՄՆ-ը գտնվում է սկանդալի կենտրոնում՝ կապված սոցիալական կայքերում տվյալների վերահսկման, ինչպես նաև հեռախոսազանգերի գաղտնալսման հետ: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ին այնքան էլ ձեռնտու չէ Պեկինի հետ խոսել քաղբանտարկյալների, մարդու իրավունքների մասին:
Պենտագոնը Չինաստանին մեղադրում է կիբերպատերազմ սկսելու մեջ: Մայիսին հայտնի դարձավ, որ չինացի ցանցահենները, համակարգչային ծրագրերը կոտրելու շնորհիվ, հասանելիություն են ձեռք բերել նոր զենքերի մշակման համակարգերին: Չինաստանի համացանցային անվտանգության ծառայությունն էլ իր հերթին հայտարարել է, որ «մի կույտ տեղեկություններ ունի այն մասին, որ ամերիկյան ցանցահենները հարձակվում են Չինաստանի կայքերի վրա»:
Միջազգային քաղաքականության ոլորտում ևս ամեն ինչ հարթ չէ: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են ԱՄՆ-ին, ուստի ԱՄՆ-ը նախադրյալներ է փնտրում իր զինված ուժերը Չինաստանի սահմաններին ավելի մոտեցնելու համար:
Հավանաբար, խոսել են նաև տնտեսության և հյուսիսկորեական միջուկային ծրագրի մասին:









































