Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ ՀԴԲ-ին՝ խնդրելով պարզել, թե ովքեր են տեսահոլովակի հեղինակները և պատվիրատուները, որում սպառնում էին Վրաստանին Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու պատճառով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Այդ տեսագրության տարածումը աննախադեպ հանցագործություն է և դուրս է բոլոր սահմաններից: Ես արդեն նամակով դիմել եմ մեր արտասահմանյան գործընկերներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանդիպել եմ ԱՄՆ դեսպանին և խնդրել, որպեսզի փորձաքննությանը մասնակցի նաև ՀԴԲ-ն՝ օգնելու պարզել, թե որտեղից է ներբեռնվել տեսահոլովակը, ինչը շատ հեշտ գործ է, ինչպես նաև, թե որ ստուդիան է դա տեսագրել, ով է եղել պատվիրատուն»,- շաբաթ օրը հայտարարել է Սաակաշվիլին:
«Թալիբանյան ջիհադն ընդդեմ Աֆղանստանում վրացական զորքերի» անունը կրող տեսագրությունը ներբեռնվել է Youtube կայքում հունիսի 5-ին՝ Hammad Zaman անունով օգտատիրոջ կողմից: 77 մարդ նշել է, որ իրենց դուր է եկել տեսագրությունը: Տեսագրությունում նշվում է, որ այդ տարածքը նվաճել փորձող բոլոր «խաչակիրներին» «Ալլահը պատժել է», իսկ վրացական զորքերը կոչվում են «Նոր խաչակիրներ՝ Վրաստանից»: Ինչպես նշվում է, նրանց ևս նույն ճակատագիրն է սպասվում:









































