Վարչապետի մասնակցությամբ օֆշորային ներդրումների պատմությունը դատախազությունում է, և առայժմ կարծես թե նորություններ չկան: Չի բացառվում, որ իշխանությունների հույսը պատմության հանդեպ հասարակական ուշադրության բթացումն է, ինչը, սակայն, հազիվ թե տեղի ունենա, որովհետև այսօր հասարակությունն օժտված է ինֆորմացիոն հարուստ կոմունիկացիաներով, նաև բավական հարուստ է ակտիվ քաղաքացիներով, որոնք թույլ չեն տալիս որևէ հանրային խնդրի բթացում: Այնպես որ, վաղ թե ուշ դատախազությունը ստիպված է լինելու կոնկրետ պատասխաններ տալ պատմության իրականությանը համապատասխանելու կապակցությամբ:
Սակայն կա մի ուշագրավ հանգամանք: «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման մեջ նշվում էր, որ գործարար Փայլակ Հայրապետյանին «գցած» օֆշորային ընկերության բաժնետերերից է նաև Նավասարդ Կճոյանը՝, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը, «Բենթլի»-ով հոգևորականը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց դատախազություն, որպեսզի վերջինս պարզի, թե ով է իր անունով ընկերություն գրանցել օֆշորում: Նավասարդ Կճոյանն այդ քայլն էլ, կարծես թե, չի արել: Չգիտես՝ ինչու նույն բանը չի արել նա, դիմելով դատախազություն և պահանջելով, որ բացահայտեն իր անունը շահարկողին: Սակայն բանը միայն Կճոյանը չէ: Կճոյանը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Եվ սա նշանակում է, որ խնդիրը վերաբերում է նաև եկեղեցուն ընդհանուր առմամբ: Այսինքն, Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը ևս պետք է շահագրգռված լինի այս պատմության բացահայտմամբ, քանի որ այստեղ շոշափվում է եկեղեցու հեղինակությունը, շոշափվում է հերթական անգամ ցոփության, շքեղության, հայրենիքի ժանտախտի ժամանակ քեֆի կոնտեքստում: Բայց, ինչպես բոլոր նախորդ դեպքերում է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը լռել, այդպես էլ լռում է այս դեպքում: Ինչպես լռության մատնեցին «Բենթլի»-ն, այդպես էլ լռության են մատնում օֆշորը: Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային փոփոխություններն էապես սկսել են առնչվել նաև կրոնական համայնքներին ու կառույցներին:
Այսօր համաշխարհային բարոյականության ուղղակի հեղափոխություն է անում Հռոմի նոր Պապ Ֆրանցիոսկոս Առաջինը: Եվ այս բարոյական հեղափոխության ֆոնին Հայ Առաքելական եկեղեցու հերթական լռությունն ու ըստ էության ջայլամային քաղաքականությունը, երբ լռության են մատնվում աղաղակող հանգամանքներ, առավել ցցուն և աչք ծակող է դառնում: Իսկ այն, որ Հայաստանի հասարակությունն էլ ունի բարոյական հեղափոխության կարիք, և այդ հարցում եկեղեցին պետք է լիներ առաջամարտիկներից մեկը, երևի թե կասկածի ենթակա չէ: Սակայն, այսօր նաև ակնհայտ է, որ եկեղեցին ինքն ունի բարոյական սկզբունքների և չափանիշների հեղափոխական վերանայման անհրաժեշտություն:
Խոսքը գրվածի մասին չէ, խոսքը իրական կյանքի մասին է, այն կյանքի, որով ապրում են շատ կարկառուն բարձրաստիճան հոգևորականներ՝ իրենց այդ վարքով ու կյանքով ստվեր նետելով ամբողջ եկեղեցու, ազնիվ հոգևորականների, նվիրված հոգևոր հայրերի վրա: Թեև, հասարակությունն, իհարկե, շատ լավ տարբերում է նվիրյալներին պատեհապաշտներից և նյութապաշտներից, պարզապես այդ ամենից անկախ, նա կորցնում է իր կյանքի բարելավման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմակայման հարցում մի կարևոր գործընկերոջ, որպիսին կարող էր և պետք է լիներ Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև մի բան է ազնիվ հոգևորականների թեկուզ ամբողջ բանակը, մեկ այլ բան՝ երբ եկեղեցու ընդհանուր վարքում և քաղաքականության մեջ տոն են տալիս նրանք, ում համար համաշխարհային բարոյականության տենդենցներից ավելի կարևոր են համաշխարհային ավտոպրոմի նվաճումները:








































