Այսօր ՄԱԿ-ը դիմել է դոնոր կազմակերպություններին՝ կոչ անելով մինչև տարեվերջ հավաքել ռեկորդային՝ 5.2 միլիարդ դոլար Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին օգնելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Այս գումարը զգալիորեն գերազանցում է Իրաքի, Սուդանի, Աֆղանստանի, Պակիստանի և Հայիթիի բնակիչներին օգնություն տրամադրելու՝ նախկինում ՄԱԿ-ի կողմից հնչեցրած կոչերին:
Ստացված միջոցները պետք է բաշխվեն հարյուրավոր մարդասիրական կազմակերպությունների միջև: Շուրջ 3.8 միլիարդ դոլար նախատեսվում է տրամադրել 3.45 միլիոն փախստականների կարիքները հոգալու համար, ևս 1.4 միլիարդ դոլար կհատկացվի 6.8 միլիոն սիրիացիներին օգնելու համար, որոնք գտնվում են երկրի ներսում:
2012թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը կոչ է արել Սիրիային օգնելու համար հավաքել 1.5 միլիարդ դոլար, սակայն ներկայում հավաքվել է շուրջ 1 միլիարդը:











































