Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունը, նրա պաշտոնանկությունը մեծ հնչեղություն են ստացել ոչ միայն հասարակական-քաղաքական շրջանակներում, այլև Հանրապետական կուսակցության ներսում: Իզուր չէ, որ մամուլն անընդհատ տեղեկություններ է հրապարակում, թե այդ կուսակցությունից ովքեր են պաշտպանում նրան, ովքեր՝ ոչ: Բնականաբար, նրան պաշտպանում են հանցագործ կամ կիսահանցագործ համարում ունեցող հանրապետականները: ՀՀԿ-ի ավելի քաղաքական, ընդ որում՝ հին հանրապետականների հատվածը, երիտասարդական թևը Ս. Խաչատրյանին պաշտպանողների շարքում չեն:
Սյունիքի արդեն նախկին մարզպետին պաշտպանում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով, ասում են, նրա հետ բիզնես-շահեր ունի: Լիսկային պաշտպանողների շարքում են նաև որոշ մարզպետներ՝ Կովալենկո Շահգալդյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, բնականաբար՝ նաև Սյունիքի պաշտոնյաները և այլք:
Ամեն դեպքում՝ Ս. Խաչատրյանի անվան հետ կապված այս դեպքը ևս մեկ առիթ է, որպեսզի այդ կուսակցությունում նորից կրքեր բորբոքվեն ու կարծիքների բախում առաջանա: ՀՀԿ-ում շատերը դեմ են Ս. Խաչատրյանին և նրա նման հանցավոր անցյալ ունեցող այլ պաշտոնյաներին անընդհատ առաջին գծում պահելուն, բարձր պաշտոններ և ազդեցության ոլորտներ տրամադրելուն. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նման սա է՞լ պետք է այնքան անպատիժ մնար, որ վերջը մարդասպանության արդյունքում պաշտոնանկ արվեր: Կամ՝ արդյոք նույն Վ. Ղուկասյանը, Ս. Խաչատրյանը և ՀՀԿ-ից ու ՀՀԿ-ից դուրս շատերը վերջապես չպե՞տք է անձնական պատասխանատվություն կրեն կատարած հանցանքների համար, նման պաշտոնյաների գործունեության արդյունքում դեռ քանի՞ սպանություններ պետք է լինեն:
Սակայն արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Ս. Խաչատրյանին առանց պաշտոնի կամ տիտղոսի չեն թողնի: Շրջանառվող սցենարներից մեկի համաձայն՝ ինչ-որ մեկին կնշանակեն Սյունիքի մարզպետ, իսկ Ս. Խաչատրյանը կշարունակի ստվերային կերպով ղեկավարել մարզը և ազդեցություն ունենալ մարզային իշխանությունների կամ գործընթացների վրա: Մյուս տեսակետի համաձայն՝ նա առաջիկայում կհամալրի խորհրդարանում քրեական հեղինակություն ունեցող պատգամավորների շարքը:
Այդ սցենարի համաձայն՝ հրաժարական կտա Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը: Վերջինս եղել է Ս. Խաչատրյանի որդու ուսուցիչը, և նրա շնորհիվ է դարձել պատգամավոր: Այնպես որ՝ հարկ եղած դեպքում հանուն իր հովանավորի նա հրաժարական կտա, և Ս. Խաչատյանը այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով «կընտրվի» պատգամավոր և խորհրդարանում կզբաղվի կոճակ սեղմելով: ԱԺ-ն նման նախադեպ արդեն ունեցել է:
Հիշեցնենք. որպեսզի 2008թ. Հովիկ Աբրահամյանը կարողանար դառնալ ԱԺ նախագահ, նա նախ պետք է դառնար պատգամավոր: Սակայն խորհրդարանական ընտրությունները մի տարի առաջ էին տեղի ունեցել, և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից մեկը հանուն նրա պետք է հրաժարական տար: Արդյունքում հրաժարական տվեց թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Հ. Աբրահամյանը եղբոր փոխարեն այդ նույն տարածքում դարձավ պատգամավոր, հետո՝ ԱԺ նախագահ: Այնպես որ՝ Ս. Խաչատրյանի դեպքում այս սցենարը լիովին կարող է կրկնվել:
Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում կան նաև դժգոհություններ, թե Մհեր Սեդրակյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Սամվել Ալեքսանյանը և էլի նման մի քանիսը քիչ էին, հիմա էլ նրանց շարքերը պետք է համալրի՞ Ս. Խաչատրյանը:
Մյուս կողմից էլ՝ տեսակետներ են շրջանառվում, որ բոլոր «վաստակաշատ հեղինակություններին» նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է Ազգային ժողովում, որպեսզի նրանք հենց այս գումարման ԱԺ-ի ընթացքում ավարտեն իրենց կարիերան: Այսինքն՝ պաշտոնավարման այս շրջանը նրանց քաղաքական կարիերայի կարապի երգն է: Բայց կարծիք կա նաև, որ Ս. Սարգսյանը պարզապես չի ցանկանում այս մարդկանց հեռացնել վերահսկողության տիրույթից, քանի որ այդպիսով նրանք կարող են ոչ միայն չօժանդակել իշխանության պահպանման և վերարտադրման գործընթացին, այլև ավելի վտանգավոր դառնալ նույն իշխանությունների համար: Այսպիսով՝ խորհրդարանը դարձել է կիսահանցագործ կամ ամբողջությամբ հանցագործ այս հեղինակությունների վերջին հանգրվանը:









































