Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրների ծնողները հայտարարել են, որ ամերիկացի քննիչները կրկին եկել են իրենց մոտ՝ Դաղստան՝ խոսելու ավագ որդու մասին: Այս մասին հայտնում է The Washington Post-ն ու հիշեցնում, որ 2012 թվականին Թամերլանը ռուսական այդ հանրապետությունում անցկացրել է 6 ամիս:
ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պարզել՝ նրա վրա ազդեցություն ունեցե՞լ են տեղի իսլամիստ գրոհայինները, նրանց մոտ նա անցե՞լ է նախապատրաստություն, թե ոչ:
Նրա մայրը՝ Զուբեյդաթ Ցարնաևան հայտարարել է, որ ամերիկացիներն իրեն և իր նախկին ամուսնուն հարցաքննել են չորեքշաբթի և հինգշաբթի: Կնոջ խոսքերով՝ հարցերը հիմնականում վերաբերել են այն բանին, թե ով կարող էր ազդել իրենց որդու վրա Ռուսաստանում:
Պարբերականը գրում է, որ Ռուսաստան այցելած ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամ Սքոտ Քոենը մեջբերել է FBI-ի ներկայացուցչի խոսքը, համաձայն որի՝ ահաբեկչությունը հնարավոր կլիներ կանխել, եթե ամերիկյան հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցեին ռուսական կողմի հետ:








































