Եթե ԲՀԿ-ն որոշում չկայացնի, կկործանվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով հայաստանյան քաղաքական դաշտում ԲՀԿ-ի գրաված դիրքի մասին:
Նա նշեց, որ որպես կուսակցություն ԲՀԿ-ն այսօր պարզապես չի կարող չազդել ներքաղաքական գործընթացների վրա այն պարզ պատճառով, որ նա ԱԺ-ում ունի բավականին մեծ խմբակցություն, իրեն աջակցող լրատվամիջոցներ, որոնք քաղաքական օրակարգ են ձևավորում, Երևանի ավագանու կազմում ունի խմբակցություն, որի միջոցով փորձելու է Երևանին վերաբերող խնդիրներ բարձրացնել, և ունի մարզերում կառույցներ, ազդում է մարզային քաղաքական կյանքի վրա, քանի որ ունի ՏԻՄ մարմինների բազմաթիվ ղեկավարներ։ Ուստի ԲՀԿ-ն իր չափով ազդում է ներքաղաքական գործընթացների վրա: Սակայն, ըստ Արմեն Բադալյանի, ԲՀԿ-ն բարեփոխումների լուրջ կարիք ունի, և առաջին հերթին դրանք պետք է օրիենտացիոն ուղղվածությանն լինեն ու՝ ոչ ինքնանպատակ:
«Բարեփոխումները պետք է տեղի ունենան տրամաբանության մեջ: Եթե ԲՀԿ-ն որդեգրում է ռուսական աշխարհի ինտեգրում, ապա կուսակցությունը և բարեփոխումները պետք է համապատասխանեն ռուսական կուսակցությունների աշխատելաոճին և տեխնոլոգիաներին, եթե ԲՀԿ-ն փոխում է ուղղվածությունը դեպի Արևմուտք, ապա կուսակցության բարեփոխումները պետք է համապատասխանեն արևմտյան բարքերին և կուսակցությունների գործելակերպին: Իսկ ռուսական և արևմտյան կուսակցությունների գործելակերպերի միջև տարբերություն կա: Այդ ամենից ելնելով՝ նա պետք է բարեփոխումներ կատարի: Իսկ եթե դա չեղավ, ապա ԲՀԿ-ն կամաց-կամաց սկսելու է իր ազդեցությունը թուլացնել և կործանվել»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ կուսակցականների շարքում կարող են լինել գործարար անձինք, կուսակցության ղեկավար մարմնում էլ կարող են լինել գործարարներ, կուսակցության ղեկավարը նույնպես կարող է լինել գործարար. դա խնդիր չէ, խնդիրն այն է, թե կուսակցության ղեկավարը, քաղաքական թիմը հասկանո՞ւմ են, թե ինչ պետք է անել, թե՞ չեն հասկանում:
Արմեն Բադալյանի դիտարկումներով՝ ԲՀԿ-ն այսօր դեռևս չի պատկերացնում ապագայում ինչ պետք է անել:
«Կուսակցական ակնառու գործիչներ կան, բայց կուսակցության էությունն այն չէ, որ այդ գործիչներն ԱԺ-ում ելույթներ ունենան և այլ գերատեսչություններում ակտիվություն ցուցաբերեն, կուսակցությունը պետք է աշխատի նաև քաղաքական ծրագրեր իրականացնել, իսկ դա ԲՀԿ-ի մոտ բացակայում է: ԲՀԿ-ն գնում է «Սելիգեր», բայց ԵԺԿ-ին է ուզում անդամագրվել: Իսկ ԵԺԿ-ում իրենց չընդունեցին: Դա մեսիջ էր ԲՀԿ-ին, որ կողմնորոշվի՝ ԵԺԿ է գնո՞ւմ, թե՞ Սելիգեր: Կուսակցության փիլիսոփայությունը մեկը պետք է լինի: Եթե այսպես շարունակի, ապա ինչպես ՀՅԴ-ի, ինչպես ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ազդեցությունը ևս պակասելու է»,- ասաց Արմեն Բադալյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































