Մինչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանում է, Սյունիքի մարզպետարանը դատարկվել է: Այսօր «Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել մարզպետարանի պաշտոնյաների հետ` պարզելու, թե ինչպես են ընդունել մարզպետի պաշտոնանկությունը, նաև` թե ովքեր և ինչպես են դիտել Սուրեն Խաչատրյանի տան տեսախցիկների տեսագրությունը, սակայն աշխատանքային ժամին մարզպետարանի որևէ պաշտոնյա տեղում չէր: Մասնավորապես` բացակայում էին մարզպետի տեղեկալները, օգնականները և աշխատակազմի ղեկավարը, նաև` մամուլի խոսնակը: Քարտուղարուհին ասաց, թե գնացել են Կապանի տարածաշրջանի գյուղեր: Փաստորեն՝ ողջ մարզպետարանը գնացել էր գյուղեր:
Ի դեպ, մարզպետարանի կայքում այցելուներին դեռ «ողջունում է» Սուրեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մարզպետարանի անունից հայտարարություն տարածվեց, որտեղ ներկայացված էին Սուրեն Խաչատրյանի տան մոտ արյունալի միջադեպի «մանրամասները»: Ընդ որում` գլխավոր դերում նաև Սուրեն Խաչատրյանի անվախ կինն էր: Ըստ հայտարարության` «մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որի համառոտ բովանդակությունը» ներկայացրել են հանրությանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










































